Աստղիկ Կարապետյան
Վտանգավոր աշխատանք
Հայաստանում միայն 2022 թվականին մահվան ելք ունեցող 10 դեպք է գրանցվել աշխատանքային պայմաններում
«Սուրմալու»-ի պայթյունից հետո որոնողական աշխատանքների արդյունքում 16 դի է հայտնաբերվել: Մեկ մարդ մինչ օրս համարվում է անհետ կորած։ Տարբեր վնասվածքներով 63 հոգի հոսպիտալացվել էր։

Այս տարվա օգոստոսի 14-ին՝ ժամը 13։23-ին, Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցավ պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռահարկ շինությունը մասնակի փլուզվեց։

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ հրդեհը մեկուսացվել էր օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը կազմում էր մոտ 1 հա։ Փլուզվել էին եռհարկանի շինության (2889 քմ) մեծ մասը և հարակից տարածքում գտնվող մի շարք տաղավարներ։

․․․ էստեղից փրկում չկա

22-ամյա Վաչագան Եղոյանը «Սուրմալու» առևտրի կենտրոնում հիմնական աշխատող չէր, երբեմն գնում էր այնտեղ՝ հոր ընկերոջն օգնելու՝ խանութի աշխատանքներում։ Մայրը՝ Նազելի Եղոյանը, պատմում է՝ մի օր գնում էր, մի օր՝ չէ, այդ օրը գնաց։ Այդ օրը օգոստոսի 14-ն էր։


Պայթյունի ժամանակ Վաչագանը պահեստում է եղել, զանգել է գործընկերուհուն․ «Վաչոս ասել է՝ ես չեմ փրկվի, էստեղից փրկում չկա։ Վերջին իր խոսքը եղել է՝ մամայիս-պապայիս կասես, որ իրանց շատ եմ սիրում»,- պատմում է մայրը։

Վաչագանը թեև դերասանական կրթություն չուներ, սակայն հայկական սերիալներում էր սկսել տեսանկարահանվել․

«Ինտերնետով էին տեսել նկարները, հրավիրել էին, չէր մերժել, նա սիրում էր ամեն ինչի մեջ լինել։ Ասում էր՝ տեսեք՝ ինչ ճանաչված եմ դառնալու, շատ նպատակներ ուներ։ Դեպքի նախորդ օրն էլ մինչև գիշերվա երկուսը զանգում էին (նկարահանման համար)։ Էդ օրը ամուսնուս ընկերը էնտեղ չէր, չէր կարող ինքը գնալ»։


Նազելի Եղոյանը պատմում է պայթյունից առաջ որդու հետ զրույցի մասին և դեպքին վերաբերող այլ մանրամասներ։
Պայթյունից հետո համացանցում տարածվեց Վաչագանի և «Սուրմալու»-ում աշխատողներից մեկի հետ պարը։ Նրանք երկուսն էլ զոհվել են։
Դժբախտ պատահարները աշխատավայրում
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից մեզ հայտնում են, որ աշխատավայրերում դժբախտ պատահարների վերաբերյալ տվյալները ստանում են գործատու կազմակերպություններից, արտակարգ իրավիճակների նախարարությունից ու Քննչական կոմիտեից։ Տեսչական մարմինը ստացված տեղեկության հիման վրա հարցում է վարչական վարույթներ, որոնց ընթացքում աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների ուսումնասիրություն է իրականացվում, վերլուծում է տվյալները և տալիս է գործատուներին կարգադրագրեր՝ դրանք կանխարգելելու նպատակով։ Իրականացնում է նաև վերահսկողություն՝ աշխատողին հասցված վնասի փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ։

Աշխատողների անվտանգության տեսանկյունից ամենառիսկային ոլորտները հանքարդյունաբերությունն է, շինարարությունն ու բոլոր տիպի արտադրությունները։ Աշոտ Հարությունյանի խոսքով, վերջին երկու մահվան դեպքերը հենց շինհրապարկում են եղել՝ բարձրությունից ընկնելու հետևանքով։

Այս ոլորտներում բացի ահազանգների հիմքով կատարվող ստուգումները, նաև պլանային պարբերական ստուգումներ են կատարվում։ Եվ անվտանգ միջավայր ստեղծելու համար ոչ միայն կարգադրագրեր, նաև գործատուների հանդեպ հարկադրանք է կիրառվում, տուգանքներ են սահմանվում։
Աշոտ Հարությունյան
ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման, անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ

Այս տարի աշխատավայրում գրանցված մահվան ելքով դեպքերից 4-ը և առողջությանը հասցված վնասի դեպքերից 6-ը գրանցվել են «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի հետևանքով։

— ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Պայթյունի դեպքի առթիվ հարուցված գործով դեռևս օգոստոսի 26-ին չորս անձի մեղադրանք է առաջադրվել․ երկուսին Քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով (հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք), երկուսին՝ 165-րդ հոդվածի 2-րդ մասով (անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը):

Չորս մեղադրյալներից երեքը պահեստը (որտեղ պայթյուն է եղել) շահագործող անձինք են, չորրորդը՝ «Սուրմալու»-ի փոխտնօրենը, որը ազատության մեջ է։

Քրեական գործով այլ էական զարգացումներ չկան։

Ավագ Լալայան
Փաստաբան
«Սուրմալու»-ի գործով ներկայացնում է զոհված երկու տուժողի ներկայացուցչի շահերը

«Տուժող կողմն ունի բավական հիմնավոր մտավախություններ, որ պատշաճ քննություն չի իրականացվում, դրսևորվում է անգործություն։ Մինչդեռ պետք է պարզվի և գնահատական տրվի բոլոր անձնաց գործունեությանը, ովքեր պարտականություններ են ունեցել անվտանգության ապահովման համար։ Տուժողները իրավունք ունեն իմանալ, թե որ մարմինները պետք է կանխեին դա։ Օբյեկտիվ, բազմակողմանի քննություն պիտի արվի»։

Աշխատանքային իրավունքի այլ խախտումներ
«Յուրաքանչյուր աշխատող, օրենքին համապատասխան, ունի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման, ամենօրյա և շաբաթական հանգստի, ինչպես նաև ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք»:

ՀՀ Սահմանադրություն

Հայաստանյան օրենսդրությունը աշխատանքային իրավունքների պաշտպանության համար բավարար երաշխիքներ է սահմանում։ Եվ եթե գործատուները հետևեն օրենսդրական նորմերին ավելի հաճախ, քան իրականում է, ապա իրավախախտումների թիվն էապես քիչ կլինի։ Ցավոք, պրակտիկայում այլ իրավիճակ է։ Մենք ունենք իրավախախտումներ սկսած խտրականության դրսևորումներից մինչև աշխատանքային պայմանագրեր չկնքելը, աշխատանքային պայմանագրերն ապօրինի լուծելը և այլն։ Եվ ներկայումս էլ խախտված աշխատանքային իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցը դատարան դիմելն է, ինչը բավականին ժամանակատար է և որոշ դեպքում նույնիսկ ֆինանսական ռեսուրսներ է պահանջում։

Գևորգ Սլոյան
Փաստաբան
Հետազոտական տվյալներ՝ աշխատանքային իրավունքների վերաբերյալ
Աշխատանքային պայմանագիր

Հարցվածների 16.7%-ը չունի աշխատանքային պայմանագիր, իսկ ևս 13.9%- ի դեպքում միայն տրվել է աշխատանքի ընդունման հրաման։


Աշխատանքային փոխհարաբերությունների իրավական ամրագրման բացակայության պայմաններում աշխատողները դուրս են մնում աշխատանքային օրենսդրությամբ պաշտպանված լինելու հնարավորությունից: Նման դեպքերում գործատուները չեն ջանում ապահովել արժանապատիվ աշխատանքային պայմաններ և համապատասխան վերաբերմունք:




Աշխատանք՝ ոչ աշխատանքային ժամերին ու օրերին
Հարցվողների 7.2%-ը նշել է, որ ամեն օր իրականացնում է արտաժամյա աշխատանք։ Սակայն դրա դիմաց հավելավճար ստանում է միայն 28.4%-ը։

Հարցվողների 7.8%-ն աշխատում է հերթափոխով՝ օրական 24 ժամ: Գիշերային աշխատանք կատարողների 39.2%- ը երբեք չի ստացել հատուցում։

Հարցվողների 27,5%-ը գրեթե միշտ կամ հաճախակի աշխատում է ոչ աշխատանքային օրերին, ևս 26.8%-ը՝ հազվադեպ։ Նրանց 54.4%-ը նշել է, որ դա համարվում է սովորական աշխատանքային օր, որի դիմաց հավելյալ չեն վճարվում
Արձակուրդի իրավունք
Աշխատողների 9.8%-ը տեղյակ չեն, որ ունեն ամենամյա վճարովի արձակուրդից օգտվելու իրավունք, իսկ կեսը իրազեկված չեն դրա տևողության և պայմանների վերաբերյալ, լավատեղյակ չեն, թե ինչպես է հաշվարկվում աշխատավարձը, չգիտեն, թե ինչ պետք է կամ ինչ կարող են անել, երբ իրականացնում են աշխատանքային պայմանագրով կամ պայմանավորվածությամբ չնախատեսված աշխատանք:

Աշխատողները միշտ չէ, որ կարողանում են արտահայտել իրենց դժգոհությունն աշխատանքային պայմանների, աշխատանքային փոխհարաբերությունների, աշխատանքի վարձատրության, արձակուրդի կամ այլ հարցերի շուրջ:
Վերոնշյալ մեջբերումները «Աշխատանքային իրավունքների պաշտպանվածության վիճակի ուսումնասիրության արդյունքներ» հետազոտությունից են, որն իրականացվել է «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» (APR Group) կազմակերպության կողմից՝ 2022-ի փետրվարին հրապարակել է այս տարի։ Հետազոտությունն իրականացվել է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում ՝ 1062 աշխատող անձանց շրջանում։
Փորձը ցույց է տալիս, որ անձն իր իրավունքների մասին հաճախ իմանում է դրանց ոտնահարվելուց հետո։ Երբ, օրինակ, ծանր հիվանդ խնամողին գործատուն հրաժարվում է իրեն հասանելիք արձակուրդը տալ, աշխատողը սկսում է հարցուփորձ անել, թե արդյոք ղեկավարությունը ճիշտ է վարվում։ Պետք է իրավական կարգավորումների, իրավունքների մասին իրազեկել մարդկանց։ Այդ դեպքում խախտումները զգալիորեն քիչ կլինեն։ Եվ մյուս կողմից կարևոր է, որ պետությունն այդ իրավունքների պաշտպանության իր պարտականությունները պատշաճ կատարի։ Ընդհանրապես, իրավունքների պաշտպանության համար ոչ միայն լավ գրված, այլև գործող օրենքներ են պետք։

Գևորգ Սլոյան
Փաստաբան
Նախագծի հեղինակ՝ Աստղիկ Կարապետյան

Տեսանյութերը՝ Սաթենիկ Հայրապետյանի

Գլխավոր լուսանկարը՝ Ֆոտոլուրի


2022
© Հեղինակային իրավունքները պաշտպանված են
Made on
Tilda